17/10/2024 12:17
Ինչ ես եմ առաջարկում, կառավարությունը մերժում է. նույն ձևով կարող են ասել՝ եկեք Սեպտեմբերի 21-ը չանենք. Գեղամ Նազարյան
Կառավարությունը մերժել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր սեպտեմբերի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինչ ինքն է առաջարկում, կառավարությունը մերժում է.«Ես ներողամիտ եմ իրենց վերաբերվում։ Իրենք չեն հասկանում, թե ինչ են անում, դրա համար էլ երկիրն այս վիճակում է։ Վիրավորական է ուղղակի։ Հարցի քննարկման ժամանակ ամեն ինչ կասեմ»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է միտումնավոր են անում, կամ, ասենք՝ վախենում են Ադրբեջանի ռեակցիայից՝ Նազարյանը պատասխանեց.«Գիտեք ինչ՝ երբ մարդը չի հասկանում, թե ինչ է անում, դա էլ է միտումնավոր։ Դա արդեն իրենց խնդիրն է՝ Ադրբեջանից են վախենում, իրենց կնոջից են վախենում, հարևանի ավտոմեքենայից են վախենում, դա ինձ չի հետաքրքրում։ Փաստն այն է, որ մերժել են այդ առաջարկը, իսկ թե ինչ պատճառներով են մերժել՝ դա չի հետաքրքրում։ Իրենց մերժումն արդեն իսկ աբսուրդ է։ Նույն ձևով էլ կարող են մերժել և ասել՝ եկեք Սեպտեմբերի 21-ը չանենք»։
Նազարյանը հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության անվան տակ ներկա իշխանությունները կրճատեցին Ամանորի տոնական օրերը, հիմա էլ կարող են դա անել.«Է թող Սեպտեմբերի 21-ը, Մայիսի 28-ն էլ հանեն և ասեն՝ տնտեսական աճի տեմպերն ավելանալու են։ Իրենցից ամեն ինչ սպասելի է։ Ես իրենց շանս եմ տալիս. այն, ինչը իրենք պետք է անեին, դա ես եմ անում, սակայն դա էլ չեն ուզում ընդունել»։