17/10/2024 18:36
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը․ ԿԳՄՍՆ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից մանրամասնում են՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման գործընթացում անհրաժեշտ հստակեցումներին, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի կարգավորմանը։ Նախագծով հստակեցումներ են առաջարկվում նաև դպրոցների կառավարման օղակի, տնօրենների նշանակման գործընթացի, անհրաժեշտ փորձաշրջանի սահմանման վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել են որոշակի առաջարկներ՝ հիմնականում իրավական խմբագրման ու տեխնիկական բնույթի, որոնք ընդունվել են:
Հարակից զեկուցմամբ ներկայացվել են առաջարկներ՝ օրենքի նախագծում ներառելու նպատակով: Դրանք վերաբերել են, մասնավորապես, ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական զարգացումը տվյալ հաստատության կողմից մշակված ընթացակարգով իրականացմանը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգի սահմանմանը:
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ աշխատանքային քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքում լիազորող նորմեր նախատեսել:
««Հանրակրթության մասին» օրենքում 2022 թ. իրականացված փոփոխությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե ուսուցչի թափուր տեղը հայտարարված մրցույթի արդյունքում չի համալրվում, ապա հաջորդ մրցույթին կկարողանան մասնակցել նաև մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Մեծ հետաքրքրվածություն կա. բազմաթիվ մարդիկ դիմում և անցնում են այս ծրագրերով: Տարբեր ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում ունենք չորս երաշխավորված ծրագրեր, որոնցում նրանք կարողանում են անցնել համապատասխան դասընթացներ ու աշխատել դպրոցներում: Սակայն գործընթացի իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ որոշակի ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա: Օրինակ՝ որ մասնագիտությունները որ առարկաների դասավանդման համար կարող են համարվել համապատասխան մասնագիտական կրթություն, կամ ինչպես պետք է կատարվի համապատասխան կրեդիտների հաշվարկը՝ նախորդ բարձրագույն կրթությունից և կրթական ծրագրի բացվածքից ելնելով»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանն ու վստահություն հայտնել՝ նոր փոփոխությամբ նմանօրինակ գործընթացները հնարավոր կլինի առավել սահուն կազմակերպել:
Ըստ այդմ՝ առաջարկվող կարգավորումներից մեկով հնարավորություն կտրվի տարբեր մասնագիտությունների համար որոշել, թե ինչ առարկա կարող է դասավանդել տվյալ մասնագիտությամբ մասնագետը՝ մանկավարժահոգեբանական 30 կրեդիտ ապահովելու դեպքում:
Անդրադառնալով ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ հարցը բազմիցս քննարկվել է նմանօրինակ ուսումնական հաստատությունների հետ, որոնք նշում են՝ ունեն ուսուցիչների կարիքների գնահատման և զարգացման ծրագրերի սեփական մոտեցումները:
«Բնականաբար, եթե «Հանրակրթության մասին» օրենքը ճանաչում է այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես հանրակրթական ծրագրի տեսակ, ապա այն պետք է շարունակություն ունենա իր ընթացակարգերի տեսանկյունից: Այս լիազորող նորմով մենք հնարավորություն կընձեռենք, որպեսզի այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններն իրենց առաջարկած ընթացակարգերը ներկայացնեն և դրանց հաստատումից հետո կարողանան դրանք կիրառել որպես ուսուցչի հերթական ատեստավորման և մասնագիտական զարգացման իրենց մեխանիզմ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել՝ օրենքի նախագծում նման կետի ներառումը համակարգի զարգացման համար կունենա շատ դրական ազդեցություն:
Ժաննա Անդրեասյանը ներկայացված առաջարկների վերաբերյալ փոխանցել է Կառավարության դրական դիրքորոշումը: