17/10/2024 09:35
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել
«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, քանի որ 71 հոգանոց ֆրակցիայից մասնակցում էր 2 տասնյակից էլ քիչ մարդ: Իսկ ներկաների մեծ մասի ներկայությունը դեկորատիվ էր, մի քանիսն էին իրենց ուսերին վերցրել ուժայիններին նեղը գցելու գործը։ ՔՊ-ականների բացակայությունը նկատեցին անգամ ընդդիմադիրները: Ագնեսա Խամոյանն անգամ Անդրանիկ Քոչարյանին խայթեց, թե նրա փոխարեն ինքը կվիրավորվեր ՔՊ-ի ակտիվությունից։ Մեր տեղեկություններով՝ լսումներից հետո այս թեման էլ է բավականին բուռն արծարծվել ՔՊ-ում:
ՔՊ-ականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել: Ասել է, թե բոլորը միայն ճառ ասողներ են, երբ գալիս է խոսելու պահը, թաքստոցներից դուրս չեն գալիս, որովհետև մտածելու բան ունեն։ Մեր աղբյուրը պատմեց, որ ներկուսակցական նիստերի ժամանակ ֆրակցիայի 99 տոկոսը` շատ մեղմ ասած, խիստ դժգոհություններ է հայտնում ուժայինների գործունեությունից, ոմանք անգամ հայհոյախառն բառապաշարով են արտահայտվում, սակայն այդ հոխորտացողները լսումներին չեն մասնակցել, քանի որ բոլորի վրա էլ «կեղտ» կա` չեն ուզում թարսվել ուժայինների ղեկավարների հետ։ Նկատենք, որ լսումները ցուցադրեցին, որ ՔՊ-ում չկա միասնականություն, ֆրակցիայում թևեր ու ճյուղեր են գործում: Լսումներին, փաստորեն, ներկա էր այն խումբը, որը նախաձեռնել էր Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը»։