17/10/2024 09:48
«Հրապարակ». ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում կուսակցության վերահսկող հանձնաժողովն Աղազարյանին հնարավոր է կանչի բացատրության` Քյարամյանի սկանդալային «բացահայտման» հետ կապված։ Հիշեցնենք. ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարն աղմկահարույց հայտարարություն արեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն 2 անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները... վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»:
ՔԿ նախագահը, ըստ էության, ջրի երես հանեց իշխանության կեղտոտ սպիտակեղենը՝ հովանավորչության, գործեր սարքելու, գործեր ջրելու մասով։ Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր` քրեական վարույթին միջամտելու մասին։ Չնայած Հովիկ Աղազարյանը հենց նիստերի դահլիճում Քյարամյանից պահանջում էր անուններ տալ, թե ովքեր են դիմել, սակայն ՔԿ ղեկավարն անուն չտվեց։ Կուսակցության վերստուգող մարմինը հենց այդ հարցերն է պարզելու նրանից՝ արդյոք եղե՞լ է միջամտություն, ովքե՞ր են Քյարամյանին դիմել։ Աղազարյանը նեղ շրջապատում վստահեցրել է, որ ինքը տղաների հարցով որևէ մեկին չի դիմել, պահանջելու է, որ Քյարամյանից պարզեն, թե ովքեր են նրան դիմել։
Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են, եթե Փաշինյանը չազատի էլ, նրա «բեսպրեդել» պահվածքի ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու։ Խմբակցությունում չեն շտապում` սպասում են Փաշինյանի քայլին, հակառակ դեպքում մի ստորագրահավաք էլ Քյարամյանի հարցով կսկսեն։ Երեկ արդեն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա պահվածքը քննարկելու են: Ուշագրավ է, որ միջադեպին ներկա էր անձամբ գլխավոր դատախազը, որը պարտավոր է ընթացք տալ առերևույթ հանցանք պարունակող հայտարարություններին»։