18/10/2024 14:01
«Քաղաքական հրահանգ կա». Արցախի հուշարձանների ոչնչացման թեմայով ԱԺ լսումներին իշխանությունը չի գնացել
Քաղաքական հրահանգ կա, որ Հայաստանի պատասխանատու պետական կառույցները չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը. «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց նախաձեռնող պատգամավորներից Թագուհի Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցում են Արցախի խորհդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը՝ Վրթանես Սրբազանը:
Պատգամավորը նաև նշեց, որ ներկա է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը, նաև ներկայացուցիչներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից՝ դեսպանների մակարդակով։
«Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ՝ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: 4 ներկայացուցիչ նախապես հաստատել էր, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը»,- ասաց նա: