18/10/2024 14:27
2020թ.-ի պատերազմի հետևաքնով Արցախը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, 2023թ.-ին բռնի տեղահանության հետևանքով կորուսյալ թանգարանների թիվը 14-ն է
2020թ.-ի պատերազմի հետևաքնով Արցախը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, նաև թանգարանների կատալոգները. «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով հրավիրված ԱԺ լսումներին հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
Ըստ նրա՝ 6 թանգարան կորցրել ենք Շուշի քաղաքում, 8 արվեստի գործերի հավաքածու՝ ևս Շուշիում և 4 թանգարանային հավաքածու՝ Հադրութի շրջանում։
2023թ.-ին բռնի տեղահանության հետևանքով կորուսյալ թանգարանների թիվը, ըստ Շահվերդյանի, առնվազն 14-ն է։
«Ստեփանակերտ քաղաքում մասնակիորեն 3 թանգարանային հավաքածու, 3 արվեստի գործերի հավաքածու, Մարտակերտում՝ 2, Ասկերանում՝ 2, ու Մարտունու շրջանում՝ 3 թանգարանային հավաքածու»,- մանրամասնեց նա և նշեց, որ մինչ այս պահը չեն հավաքագրել մասնավոր թանգարնները։
Սերգեյ Շահվերդյանն անդրադաձավ նաև այն խնդիրներին, որոնց բախվել են այսօր Հայաստանի Հանրապետությունում։
«Ընդհանուր արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող պետական մարմինների վերաբերմունքի վրա։ Վաղը այս պետական քաղաքականությունը կարող է միանգամից փոխվել, և պետական մարմիններն իրենց տրամադրության տակ չեն ունենալու անհրաժեշտ նյութեր, որովհետև տնային աշխատանքը չի կատարվել։ Կգա պահ, երբ մեզ անհրաժեշտ կլինեն փաստական տվյալներ և այդ տվյալները մենք չենք ունենալու»,- հավելեց Շահվերդյանը։