18/10/2024 22:16
Կամերային նվագախումբը 6 երկրում կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով:
Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:
Համերգների ծրագրերում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Շառլ Ազնավուր, Կոմիտաս, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ալթունյան և Արթուր Ահարոնյան:
Շրջագայության առաջին 5 համերգները կղեկավարի դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա). մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը կղեկավարի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը. մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանսի քաղաքներում նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան: