18/10/2024 10:34
Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած լսումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ «լսելու բան չկա»:
«Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե, «կոշիկ», մի քանի վիրավորանք հնչեցրեց ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից աղմուկ-աղաղակով, ոչ մեկ երևի չէր էլ նկատի:
Հիմա բուռն փորձում են այդ լսումներին գոնե մեկ օրակարգ իմաստ տալ, որ չստացվի, որ իզուր էին հավաքվել ու ինձ նորից մեղադրում են քաղաքացու վրա թքելու մեջ, չնայած քաղաքացի չէր, ու որ մի 7 անգամ ներողություն եմ խնդրել:
Հա, ի դեպ, այլևս չեմ էլ պատրաստվում»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ մի քանի օրից հետ կգա գործուղումից, ԱԺ նիստերը կսկսվեն։
«Կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք»,- հավելել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել։
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն Ալեն Սիմոնյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել, ինչից հետո ԱԺ անվտանգության աշխատակիցները նրան խորհրդարանի շենքից դուրս էին հրավիրել։