18/10/2024 16:20
Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում, բայց տագնապալի վիճակ չէ. բժիշկ-համաճարակաբան
Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, 40 շաբաթ է՝ սկսվել է սեզոնը։
Պայմանավորված սուր շնչառական վարակի ավելի ակտիվացմամբ՝ այս պահին Հայաստանը գտնվում է մի փոքր ավելի ակտիվ շրջանում։
«Հայաստանում սուր շնչառական վարակների մի փոքր ակտիվություն է նկատվում՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ, սակայն, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ դեռ մի փոքր ցածր է շեմը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Դեպքերի 70-80 տոկոսը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները, որոնք համարվում են թիրախային խումբ։ Առավել բարձր ակտիվություն նկատվում է Արարատի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում։
«Հոսպիտալացումները, նախորդ տարվա համեմատ, գրեթե նույնն են։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ գրիպի վիրուսի շրջանառություն դեռ չկա, գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվում են այլ շնչառական վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսը, բոկավիրուսն ու կորոնավիրուսը, բայց, քանի որ Հայաստանը դեռ գտնվում է սեզոնի սկզբում, այո՛, կանխատեստվում է ակտիվության բարձրացում։ Իրականացվում է օրական մշտադիտարկում, տեղեկատվություն կտրամադրվի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում արձանագրվում են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր. վերջին 14 օրում Հայաստանում, համեմատած նախորդ 14 օրվա հետ, դեպքերի նվազում կա։
«Տագնապալի վիճակ չէ, մենք իրականացնում ենք մշտադիտարկում, տվյալները վերլուծվում են, ուղղակի պետք է զգոն լինել ու կանխարգելիչ միջոցառումները, որ անընդհատ Առողջապահության նախարարությունը հորդորում է, կատարել՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- նշեց բժիշկ-համաճարակաբանը։
Պատվաստանյութերը առկա են բոլոր պոլիկլինիկաներում, առաջնահերթ պետք է պատվասվեն ռիսկային խնբում գտնվող անձինք՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։
Խաչատրյանը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ, ինքնաբուժումը կարող է ավելի բարդացնել հիվանդի վիճակը, չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, քանի որ մրսածության գործոնը ևս նպաստում է, որ օրգանիզմը թուլանա։
«Եթե գտնվում եք ռիսկի խմբում՝ մարդաշատ վայրերում կրեք դիմակ, այն ինչ-որ չափով պաշտպանում է, օդափոխել տարածքները, ձեռքերը շուտ-շուտ լվանալ, օգտագործել շատ հեղուկ, այս ամենը հնարավորության չափով կկանխարգելեն հիվանդանալու, իսկ հիվանդալու դեպքում՝ ծանր ընթացի զարգացումը»,- հավելեց բժիշկ-համաճարակաբանը։