18/10/2024 09:44
«Ժողովուրդ». «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը՝ առողջապահության փոխնախարար. ո՛չ նախարարն է բժիշկ, ո՛չ էլ՝ տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը առողջապահության նախարարության փոխնախարար է նշանակվել, ինչը ՔՊ-ական «սկզբունքները» հարցականի տակ է դնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունը սկսել է ակտիվ քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսահպատակ մեծահարուստ Սամվել Կարապետյանից` «Տաշիր Գրուպից» խլելու հարցը։ Սրա ապացույցը եղան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանի պաշտոնանկությունները. վերջինս համակարգում էր էներգետիկ ոլորտը։
Սակայն այս իրողությանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում կայացրեց Լևոն Հակոբյանին նշանակել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Հակոբյանը 2016-2019 թվականներին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում, վերջին շրջանում` որպես տնօրեն: «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն ևս պատկանում է ռուսաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։ Արդյոք Լևոն Հակոբյանի կենսագրությունը դիտարկելիս Անահիտ Ավանեսյանը հաշվի առե՞լ է այս հանգամանքը:
Հարկ է նշել և հիշեցնել, որ առողջապահության ոլորտը համակարգող նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ, փոխնախարարը ևս բժիշկ չէ, և շատ մասնագետներ աղաղակում են, որ ոլորտը տապալվում է:
Այս նախարարությունում պետականության գիտակցում ունեցողների ակնհայտ դեֆիցիտ կա. փոխնախարար Լենա Նանուշյանն իր որդուն ազատել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից, Ավանեսյանը որևէ պատիժ չկրեց Աբովյանի դիահերձարանի հատակին լցված մեր հերոսների մարմինների հետ նման վերաբերմունքի համար: Կարճ ասած` ամենաթողություն է այս համակարգում»։