18/10/2024 12:38
ՀՀ-ից բոլոր առիթներով հայտարարում են՝ պատրաստ են այս վայրկյանին ստորագրել, այնտեղից փաստացի ուղարկում են հայտնի տեղ. Քաղտեխնոլոգ
Ներքաղաքական օրակարգ չկա, որովհետև չկա ներքին քաղաքականություն. հրավիրված ասուլիսին հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ցավոք, վաղուց արդեն ՀՀ-ն դարձել է խամաճիկ՝ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ուժերի ձեռքին, և ներքաղաքական օրակարգերը սկսվում և ավարտվում են հեծանվավազքերով և կամ հայհոյախառն կռիվներով՝ տարբեր հարթակներում»,-ասաց նա։
Միաժամանակ խոսելով տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ նկատեց, որ այստեղ ամեն ինչ բավական լուրջ է, քանի որ աշխարհում ջնջվել են բոլոր գծերը։
«Քաղաքական մոզայկայում այլևս չկա որևէ խաղի կանոն։ Այլ հարց, որ այս ամենը կբերի նոր խաղի կանոններ, երբ՝ չեմ կարող ասել։ Պարզ է, որ ամեն ինչն ավարտվելուց հետո։ Ցավալին այն է, որ այդ ամենը մեզ շատ մոտ է՝ և՛ Իսրայելի տարածաշրջանում տեղի ունեցողը, և՛ Իրանի հետ կապված զարգացումները, ինչպես նաև Վրաստանում ընտրությունները։ Սպասում են նաև ՀՀ-ի քաղաքական բոլոր ուժերը, քանի որ դրանից հետո են տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի կոնտուրները ուրվագծվելու»,-ասաց նա։
Ըստ Քոչարյանի՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ն որպես պետություն զրկված է իմունիտետից, չկա որևէ անվտանագության բարձիկ, ուժ։ «ՀՀ-ից, երբ բոլոր առիթներով հայտարարում են, որ պատրաստ են, հենց այսօր, այս վայրկյանին բերեք ստորագրենք, այնտեղից փաստացի ուղարկում են հայտնի տեղ։ Այս ամենի ֆոնին ասել, որ մեզ հետ ոչինչ չի լինի, ինձ ու մեր տուն չի հասնի, պետք է լինես բացարձակ անմեղսունակ։ Եթե ասում են՝ դե Արցախը մերը չէր, չգիտեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Կիրանցի մասով ինչ են ասելու, լավատեսական որևէ բան մոտակա 6 ամիսներին չեմ սպասում»,-ասաց նա և նկատեց, որ միևնույն է՝ աշխարհը հաշվի է նստում ուժեղի հետ։