19/10/2024 16:43
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպմանը ընդունվել է համատեղ կոմյունիկե
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․
««3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե, որի արդյունքներով նախարարները, հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից, վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:
Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում»։