19/10/2024 20:20
Ռյուտեն հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդվել Ռուսաստանի սահմանների մոտ
ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունը արևելյան թևում՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների մոտ, կավելացնի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին, 5-րդ սերնդի կործանիչները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Քննարկել ենք մեր պաշտպանությանը և զսպման ներուժի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Վերջերս նաև զգալիորեն մեծացրել ենք մեր ներկայությունը արևելյան թևում և ուժեղացրել մեր օդային պարեկությունը։ Դաշնակիցները կտրամադրեն հավելյալ հակաօդային պաշտպանության և հրետանային համակարգեր, ժամանակակից ինքնաթիռներ՝ հիմնականում 5-րդ սերնդի F-35-եր»,- ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության առնչությամբ։ Կրեմլը ավելի վաղ հայտարարել էր, որ կարձագանքի «պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողություններին»։