19/10/2024 13:56
Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում. «Սարյանի աստիճաններ» նախագիծը․ Լուսանկարներ
Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: Հայտնում են քաղաքապետարանից:
«Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:
Այսօր նախագծի իրականացման հեղինակներն աստիճաններին խորհրդանշական սալիկներ փակցրեցին՝ այսպիսով պաշտոնապես ազդարարելով ծրագրի մեկնարկը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշեց. «Այս նախագիծն առավել տեսանելի կդարձնի մեր մշակութային ժառանգությունը և նոր շունչ կհաղորդի Երևանին՝ համատեղելով արվեստն ու ժամանակակից մոտեցումները: Հուսով եմ, որ այս տարածքը կդառնա մեր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը, հատկապես երիտասարդության համար՝ ստեղծելով ոգեշնչող և ստեղծագործական միջավայր»:
Նախատեսվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում՝ քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար: