19/10/2024 18:24
Սիսիանը մնացել է առանց ղեկավարի
Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը և երկու տեղակալները որոշ ժամանակ է՝ հրաժարական են տվել, սակայն Հակոբջանյանի փոխարեն դեռևս ոչ ոք չի նշանակվել ղեկավար ։
Համայնքը փաստացի մնացել է առանց ղեկավարների:
Արմեն Հակոբջանյանը «Հրապարակ»-ին փոխանցել է՝ անցած երկուշաբթի օրն է հրաժարական տվել, այսինքն՝ հոկտեմբերի 14-ին։
Անդրադառնալով տեղակալների հեռանալուն, նշել է՝ նրանք իր հրաժարական տալուց 2 օր առաջ են հեռացել քաղաքապետարանից։
Փաստացի, համայնքն այս պահին ոչ ոք չի ղեկավարում։
Իսկ թե ո՞վ է իրեն փոխարինելու, Հակոբջանյանը նշել է․ «Մեր թիմի անդամներից մեկը կլինի անպայման»,- սակայն հրաժարվել է որևէ անուն հրապարակել։
Նա այլ հարցերի հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ չի ուզում խոսել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն որոշել է Սիսիանի համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։