19/10/2024 10:09
«Ժողովուրդ». Նազելի Բաղդասարյանը և Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են արդարադատության նախարարի թեկնածու լինելուց: Նրանք չեն ուզում կառավարությունում աշխատել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ-ն, Արփի Դավոյանի թեկնածությունը քննարկելուց և նսեմացված կերպով մերժելուց հետո, ՀՀ արդարադատության նախարարի 4 թեկնածուների է դիտարկել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:
Իշխանամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը և Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից՝ նշելով, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր: Մնացել են երկու թեկնածուներ՝ փաստաբան և նախկին պետավտոտեսուչ:
Հավելենք նաև, որ ի սկզբանե Սուրեն Գրիգորյանի թեկնածությունը ՔՊ-ում բացասաբար են ընդունել, քանի որ նա անգամ խորհրդարանում չէր կարողանում ինքնադրսևորվել, միայն «խուճուճ խոսում էր»:
Այսպիսով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի շանսերն ավելի են մեծանում, վերջինս էլ հայտարարել է որ պատրաստ է արդարադատության նախարարի «բեռը կրել» և տեղափոխվել գործադիր: Տեսնենք՝ նա որքան կդիմանա Փաշինյանի կաբինետում»։