20/10/2024 14:13
Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին:
Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները և նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում:
ԱԺ փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:
Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առևտրի, տրանսպորտի և կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության և այլ ոլորտներում:
Խոսելով տուրիզմի և տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կարևորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում մեկնարկելու ուղղությամբ:
Առանձնացվել է նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Կողմերը խոսել են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխգործակցության մասին՝ կրթության և մշակույթի ոլորտներում:
Հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և մանրամասնել հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները: