20/10/2024 14:45
Հեղափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Քֆուրը և հանրային սպասելիքները
Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների պարզեցման կարևոր գործիքի: Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին:
Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները» ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կյանքը հստակ է, կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում է իր հստակությունը, իսկ ժողովուրդը գնալով ավելի վատ է կողմնորոշվում ձևավորվող իրականության մեջ` չկա հստակ «ճիշտ» ու «սխալ»:
Դա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև` մարտահրավեր: Կարճ ասած, քվուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչն է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:
«Հայհոյանքը» արհեստական բառ է, որը չի արտահայտում մեր առօրյա կյանքի հույզերը, սպասելիքները, վախերը, մտավախությունները, հիասթափությունները: Այսինքն նեյրոլինգվիստիկ բառապաշարի էությունը և այն զուրկ է աշխարհայացքից, համակարգված չէ, ինչի համար չի կարողանում մուտք գործել մեր կենցաղային բառապաշարի մեջ:
Արաբական «քֆուրն» ավելի խորքային եզր է:
«Քֆուր» բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թագցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն անհավատ՝ Հարամ:
Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի:
Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն մեղադրվում է Մեծ Քուֆ-ի մեջ: ՀՀԿ-ականները Քաֆիր էին, անհավատներ, իսկ ժողովուրդը` հեղափոխական արժեքների կրող: Սակայն կարծես թե իրավիճակ է փոխվում, քֆուրները նվազել են, իսկ որակական առումով` դարձել ավելի խոհական, անորոշ, հասցեյատերերը` ոչ այնքան հստակ: Համայնքը անորոշության մեջ է՝ քֆուրի ճգնաժամը գաղափարական ճգնաժամի հետևանք է:
Հանրային քֆուրը հանրային սպասելիքների արտահայտությունն է, քֆուրի բացակայությունը` արժեքային կողմնորոշումների լղոզվածություն: Հեղափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի:
Չկա քֆուր - նշանակում է չկա հավատ, չկա վստահություն: Կասկածի որդը բուն է դնում մարդկանց հոգիներում:
Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ»։