21/10/2024 14:42
«Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, դուք ո՞նց եք դա պատկերացնում». Գրիգորյանը՝ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի կողմից ավարտին հասցնելու մասին
Պետք է հասկանանք, թե Հայաստանի քարտեզ ասելով՝ ինչ ենք հասկանում: Դրանք ԳՇ-ի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվականներին և 1979 թվականից մտել են ուժի մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանը, սակայն, նշեց, որ այդ քարտեզները միակը չեն, որոնք պետք է օգտագործել սահմանազատման գործընթացում. «Կան հարցեր, որոնք այդ քարտեզներում չկան: Ըստ էության՝ այդ քարտեզներն ամբողջական են, բայց հիմա ձեզ չեմ կարող ավելի բան ասել՝ դրա հետ կապված»:
Նա նաև բացատրեց, թե ինչ է նշանակում սահմանազատում. «Քանի որ մեր օրենսդրությունում չկա սահմանազատում տերմինը, դա կարող է նշանակել սահմանի վերականգնման գործընթաց»:
Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանն ավարտելու է գործընթացը՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք բավականին երկար քննարկել ենք կանոնակարգի նախագիծ, որից հետո կողմերը դա ստորագրել են։ Մինչ այդ, ստորագրել են աշխատակարգ: Հիմա այսօրվա կանոնակարգը ստորագրել ենք: Դուք ասում եք՝ ո՞րն է երաշխիքը: Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, դուք ո՞նց եք պատկերացնում՝ ո՞րը պետք է լինի երաշխիքը»: