21/10/2024 11:42
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չվավերացնի սահմանազատման կանոնակարգը. եթե նման ցանկություն լիներ՝ Ադրբեջանն այն ուղղակի չէր ստորագրի. Մհեր Գրիգորյան (Տեսանյութ)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Կանոնակարգը, հիշեցնենք, ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 26-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հարցերը կարգավորելու համար։
Փոխվարչապետի խոսքով՝ որևէ պատրվակով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից այն չվավերացնելը բացատրություն չի ունենա։
«Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ մենք, միջազգային իրավունքի համաձայն, փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով։ Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումերի փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Ես կարծում եմ՝ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերացված տեքստը»,- նշեց նա։
Գրիգորյանը հայտարարեց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը։ Ըստ նրա՝ եթե նման ցանկություն լիներ՝ Ադրբեջանն այն ուղղակի չէր ստորագրի։
ՀՀ փոխվարչապետն ասաց, թե Հայաստանն իր առջև սահման գծելու խնդիր չի դրել, խնդիր է դրված վերականգնելու սահմանը։