21/10/2024 22:26
«Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում»․ Գիտաժողով է անցկացվել
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» թեմայով Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը, հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ, մանկավարժներ, առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Ներկայում ամբողջ աշխարհում զարգացում է ապրում գիտության հանրամատչելիացման ուղղությունը։ Դեռ դպրոցից աշակերտը պետք է հասկանա՝ ուր գնա և ինչ մասնագիտություն ընտրի։ Այդ ցանկությունը պետք է դպրոցում առաջանա։ Մենք ևս պետք է առաջ տանենք այս ուղղությունը և զարգացնենք գիտություն-կրթություն կապը, ԳԱԱ ինստիտուտների և ԲՈՒՀ-երի հնարավորությունները տանենք դեպի դպրոց և ուսուցիչների միջոցով օգնենք աշակերտներին», - ասաց Աշոտ Սաղյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը նշեց` սույն գիտաժողովի հարթակն իր մասնագիտական ներուժով եզակի է նման խնդիրներ քննարկելու համար։ «Գիտության հանրամատչելիացումը մեր ժամանակներում խիստ պահանջված է։ Այս խնդրի լուծման կարևոր բանալիներից մեկը գտնվում է կազմակերպված ուսուցման տիրույթում՝ դպրոցում և համալսարանում։ Մասնավորապես, բնական գիտությունները, լինելով քաղաքակրթական զարգացումների հիմքում և դառնալով համամարդկային մշակույթի կարևոր մաս, այժմ, կարծես, չունեն այն ձգողական ուժը, որի շնորհիվ հատկապես նոր սերունդը ցանկանա ծանոթանալ նրա գաղտնիքներին և իր հերթին բացի բնության անհայտ գաղտնարանները։ Գիտության հանրամատչելիացման գործընթացը մենք դիտարկում ենք որպես գիտության հիմունքների արդյունավետ ուսուցման կարևոր պայմաններից մեկը», - ասաց Կամո Աթայանը։
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց․ «Մեր ակադեմիան պետք է դառնա գիտության հանրահռչակման և տարածման գլխավոր կենտրոն։ Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ որպես գիտության և տեխնոլոգիաների երկիր։ Կարծում եմ՝ գիտական առումով ակադեմիայի դերն աճելու է և դառնալու է որոշ հարցերում հանգուցային։ Ըստ իս՝ սա կարևորագույն սկիզբն է, որի արդյունքում առավել արդյունավետ աշխատող փորձագիտական համայնքը՝ գիտնականներ, առաջատար մանկավարժներ, հետազոտողներ, համախմբվելու են ԳԱԱ-ի շուրջ, և մենք կկարողանանք կոտրել այն կարծրատիպերը, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են գիտության նկատմամբ։ Պետության հզորացման ամենակարևոր հանգամանքը կիրթ հասարակությունն է», - ասաց Հայկ Սարգսյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ, մանկավարժներ և մասնագետներ՝ ներկայացնելով ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, մաթեմատիկայի, քվանտային մեխանիկայի, տիեզերագիտության, երկրաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնախնդիրներն ու արդի հետազոտությունները, ինչպես նաև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության և բնագիտության, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները։