21/10/2024 14:30
«Ինքնիշխանության դիսկոնտավորումը հաստատ մեզ չեն ների». Մհեր Գրիգորյանը վստահեցրեց՝ գիտակցում է ստանձնած պատասխանատվությունը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գիտակցում է այն ամենի պատասխանատվությունը, ինչը ստանձնել է։
«Խոսում են ապագա պատասխանատվության մասին, ձեզ թվում է՝ ես դա չե՞մ հասկանում, բայց ես հասկանում եմ նաև մեկ բան՝ եթե մեր պրոբլեմները մենք չլուծենք, ոչ մեկ չի լուծի, կամ կլուծի երրորդ երկիր, իսկ դա ես համարում եմ դավաճանություն»,- ԱԺ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում ասաց փոխվարչապետը։
Նա ասաց, թե, այո՛, պետք է ունենալ համարձակություն՝ խնդիրներին լուծում տալ, ոչ թե դելեգացնել 3-րդ ուժերի կամ 3-րդ երկրների, ինչը, Գրիգորյանի խոսքով, նշանակում է դիսկոնտավորել ինքնիշխանությունը, որն անթույլատրելի է։
«Դա մեզ ոչ մեկ չի ների, սահմանազատումը կների, թե չի ների՝ էական չէ, բայց ինքնիշխանության դիսկոնտավորումը հաստատ ոչ մեկ չի ների։ Ամեն ինչ շատ լավ հասկանալով՝ վստահ եղեք, որ որևէ կասկած ու որևէ մտահոգություն ես չունեմ՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա Սահմանադրական դատարանից ներողություն խնդրեց, որ Բարձր դատարանի հասցեին հնչել են ոչ կոռեկտ արտահայտություններ։
«Բարձր դատարանի մասին այդ որակի քննադատություն անելը տպավորություն կստեղծի երկրի ինստիուտների մասին, չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ»,- հավելեց փոխվարչապետ Գրիգորյանը։