21/10/2024 10:36
Տավուշում կնշվի Դդմի տոնը
Հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման կանաչ կենտրոնում կնշվի Դդմի տոնը։
Դդմի տոնի միջոցով Ուսուցման կանաչ կենտրոնը նպատակ ունի նպաստելու Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Տավուշի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Դդմի տոնին:
«Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև կուղեկցվի ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով ու պարային համարներով:
Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն, և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Կտրվի նաև հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։
Հյուրերի և այցելուների մուտքն ազատ է»,- ասվում է հաղորդագրությունում։