22/10/2024 19:56
Գանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ հայրենի Արցախ վերադարձի մաղթանքով ու հավատով
Հոկտեմբերի 21-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Լոռու մարզի Տաշիր քաղաք, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմից։
Նշվում է, որ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Վրթանես Սրբազանի հանդիպումը արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախահայությունը։
⠀
Հանդիպմանը ներկա էին Տաշիր համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Լևոն քահանա Դավթյանը, «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանն ու սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։
Վրթանես Սրբազանը հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում է կազմել հիշյալ համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր միջադեպ․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվել է, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռը իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցել է Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները։
Օրվա վերջում Սրբազան Հայրը այցել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը։