22/10/2024 15:27
Ընդդիմադիր պատգամավորները որևէ բանի ընդունակ չեն, բացի փող ստանալուց. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Ամոթ է, գոնե հիմա դադարեցրեք ժողովրդի հաշվին ապրելը, հեռացեք, թող ցրվի այդ պառլամենտը, այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին։
«ԱԺ-ն քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, և ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք խմբակցությունները, բոյկոտում են Ազգային ժողովի նիստը:
Այսինքն՝ ի՞նչ է դուրս գալիս. երբ իրենք իշխանություն էին, բոլորին հայտնի է, որ թալանել են այս երկիրը: Դա հայտնի բան է, բոլորս գիտենք: Հիմա նրանք ընդդիմություն են, ես կարծում եմ՝ հիմա էլ են մեզ թալանում։ Ինչպե՞ս։ Նրանք ստանում են աշխատավարձ՝ մոտավորապես մինչև 1 միլիոն դրամ: Ստանում են և ի՞նչ են անում. չեն գնում աշխատանքի, չեն աշխատում։ Այսինքն՝ թալանում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Դրան գումարած՝ նրանք ընտրվել են, որպեսզի ի՞նչ անեն՝ պայքարեն, որպեսզի թույլ չտան վատ բաներ տեղի ունենան մեր երկրում, իշխանություններին թույլ չտան։
Հիմա մենք տեսնում ենք իրավիճակ, որ այս մարդիկ որևէ բանի ընդունակ չեն, բացի փող աշխատելուց։ Օրինակ՝ չեն հրաժարվում գնալ Վրաստան դիտորդական առաքելության, որի համար գործուղում են ստանում, աշխատավարձ են ստանում, հյուրանոցի փող են ստանում, հյուրանոց են ստանում։ Չեն հրաժարվում Ալեն Սիմոնյանի հետ տարբեր երկրներ ճամփորդելուց, որևէ բանից չեն հրաժարվում, միայն հրաժարվում են աշխատելուց։
Իսկ եթե մանդատները վայր դնեն, հրաժարվեն իրենց մանդատներից, Նիկոլ Փաշինյանը կտանի ընտրությունների, տեղի կունենան նոր ընտրություններ, այսինքն՝ ռեստարտ կլինի այս երկիրը և դուրս կգա այս խայտառակ մղձավանջից։ Բայց նրանք ամեն օր խաբում են ձեզ, ստում, թե դա տարբերակ չի, այդ ճանապարհով անհնար է, որ ընտրություններ լինեն։ Այսինքն՝ ի՞նչ են անում՝ խաբում են ամեն օր, որ շարունակեն պահպանել իրենց ի՞նչը՝ իրենց մանդատները, իրենց պաշտոնը։
Սա այն է, ինչ բոլորս պետք է իմանանք այսօրվա ընդդիմության մասին»,-ասաց Էդմոն Մարուքյանը։