22/10/2024 21:12
Օրթոստատիկ հիպոտենզիա․ Պատճառները
Օրթոստատիկ հիպոտենզիան կամ թերճնշումը մի վիճակ է, որի ժամանակ արյան ճշումը զգալի չափով ընկնում է, երբ մարդն արագ կանգնում է:
Օրթոստատիկ հիպոտենզիայի հիմնական ախտանիշը կանգնելուց գլխապտույտի զգացումն է կամ ուշագնացությունը:
Մարմնում կա արյունատար անոթների ցանց՝ կազմված զարկերակներից, երակներից և մազանոթներից։ Սիրտն արյունն արտամղում է զարկերակների մեջ, որոնք այդ արյունը տեղափոխվում են ողջ մարմնով և հասցնում բոլոր օրգաններին և հյուսվածքներին: Զարկերակներով տեղափոխվող արյան ճնշումը կամ նույն զարկերակային ճնշումն անոթներով շարժվող արյան գործադրած ճնշումն է զարկերակների պատերին։
Զարկերակային ճնշումը գրանցվում է որպես երկու թիվ, օրինակ՝ 120 և 80 միլիմետր սնդիկի սյուն: Առաջին թիվը սիստոլիկ ճնշումն է: Սա զարկերակներում այն ճնշումն է, երբ սիրտը կծկվում և զարկերակները լցնում է արյունով: Երկրորդ թիվը դիաստոլիկ ճնշումն է՝ երբ սիրտը կծկումների միջև հանգստանում է:
Օրթոստատիկ հիպոտենզիան մի վիճակ է, որը բնութագրվում է արյան ճնշման կտրուկ անկմամբ՝ արագ կանգնած դիրք ընդունելիս:
Օրթոստատիկ հիպոտենզիան կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով՝
մեծ տարիք (օրթոստատիկ հիպոտենզիան ավելի տարածված է բարձր տարիքով մարդկանց շրջանում),
հիպովոլեմա (շրջանառող արյան ծավալի անկում) և ջրազրկում, որոնց հիմնական պատճառներից են՝ արյունահոսությունը, արյան շաքարի բարձրացումը (հիպերգլիկեմիա), փորլուծությունը, փսխումները, այդ թվում՝ հղիության հիպերէմեզիսը և որոշ դեղերի ընդունումը՝ օրինակ միզամուղներ։
Կարևոր գործոն են համարվում նաև սրտային հիվանդությունները, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, սրտի անկանոն ռիթմ (առիթմիա) կամ փականային հիվանդություն,
անեմիա (արյան կարմիր գնդիկների ցածր քանակ),
Պարկինսոնի հիվանդություն,
ներզատական (էնդոկրին) համակարգի հիվանդություններ՝ դիաբետ, մակերիկամային անբավարարություն և վահանաձև գեղձի հիվանդություններ։
Ռիսկի խմբում են նաև մի շարք դեղեր, որոնք օգտագործվում են բարձր արյան ճնշման բուժման մեջ, հատկապես, երբ այս դեղերն ընդունում են դիաբետով կամ Պարկինսոնի հիվանդությամբ մարդիկ,
այլ դեղեր, որոնք նշանակվում են տագնապը, դեպրեսիան, էրեկտիլ խանգարումը կամ Պարկինսոնի հիվանդությունը բուժելիս,
նյութեր, որոնք օգտագործվում են բարձր ճնշման դեղերի հետ միասին, օրինակ՝ ալկոհոլ, քնաբերներ և այլ դեղեր,
շոգ եղանակ (տապ):
Օրթոստատիկ հիպոտենզիայի գլխավոր ախտանիշը կանգնելիս գլխատույտի զգացումն է կամ «աչքերի առաջ սևանալը»: Որոշ դեպքերում օրթոստատիկ հիպոտենզիայով մարդիկ կարող են նույնիսկ ուշագնաց լինել և ընկնել:
Այլ ախտանիշներից են՝
մշուշոտ տեսողություն,
սրտխառնոց,
ապակողմնորոշում կամ շշմածություն,
հանկարծահաս թուլության զգացում,
հանկարծահաս հոգնածություն,
վայր ընկելը,
կրծքավանդակի ցավեր:
Այս ախտանիշները սովորաբար անհետանում են, երբ հիվանդը մի քանի րոպե նստում կամ պառկում է:
Եթե բժիշկը կարծում է, որ հիվանդը կարող է ունենալ օրթոստատիկ հիպոտենզիա, ապա նա չափում է արյան ճնշումը՝ պառկած, նստած և կանգնած դիրքերում: Բժիշկը նաև անցկացնում է զննում՝ փորձելով գտնել որևէ առողջական խնդիր, որը կարող էր բերել զարկերակային ճնշման անկման:
Բժիշկը կարող է առաջարկել նաև որոշ հետազոտություններ՝
արյան թեստ՝ ստուգելու համար անեմիայի կամ դիաբետի առկայությունը,
էլեկտրասրտագրություն՝ սրտի ռիթմը,
Հոլտեր մոնիտոր (փոքր շարժական սարք, որը կրում եք ձեր վրա, որպեսզի գրանցվի ձեր սրտի ռիթմը երկար ժամանակի ընթացքում, օրինակ՝ 24 կամ 48 ժամ),
էխոսրտագրություն՝ սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն,
սթրես-թեստ, երբ բժիշկը հսկում է սրտի ռիթմը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում։
Բազմաթիվ դեպքերում պատճառ հանդիսացող հիվանդության բուժումը կարող է վերացնել օրթոստատիկ հիպոտենզիան: Եթե օրթոստատիկ հիպոտենզիան առաջանում է որոշ դեղերի ընդունումից հետո, բժիշկը կարող է վերանայել դեղաչափերը կամ փոխարինել այլ դեղերով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ