22/10/2024 11:58
Արթուր Բաղդասարյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Բաղդասարյանը և ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է azdarar.am կայքում։
«Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- նշվում հայտարարության մեջ։
Ըստ ծանուցագրի՝ Բաղդասարյանը և նրա ընտանիքը վարչություն պետք է ներկայանան հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում, հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել։
Նշենք, որ նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահան Բաղդասարյանը, և հայրը` Վահան Բաղդասարյանը։ Նրանց տեղեկացվել է, որ իրենց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: