22/10/2024 15:12
Վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը․ ԱԳՆ
Հոկտեմբերի 17-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիլնյուսում կայացած «Աջակցություն ընդլայնման գործընթացին և տարածաշրջանային համագործակցության խթանում» խորագրով Արևելյան գործընկերության համաժողովին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Իր ելույթում Սամվել Մկրտչյանն ընդգծել է ԱլԳ ձևաչափի համար հիմնաքարային հանդիսացող՝ ժողովրդավարական արժեքային հենքի կարևորությունը, անդրադարձել եվրաինտեգրման վերջին զարգացումներին, որոնք կառուցվածքային մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության ձևաչափի ապագայի հարցում:
Սամվել Մկրտչյանն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին և ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչի հնարավորությունը կստեղծվի Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում:
Վիլնյուս այցի շրջանակներում տեղի է ունեցել Սամվել Մկրտչյանի երկկողմ հանդիպումը Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Մանտաս Յակիմավիչիուսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լիտվական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորվել է ԵՄ դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի շարունակականության ապահովվման հարցում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: