22/10/2024 14:05
Բրյուսելի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 2 հայ կդառնա ավագանու անդամ
Բրյուսելում հոկտեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններին առաջադրված մոտ չորս տասնյակ հայ թեկնածուներից երկուսն ընտրվել են իրենց համայնքի ավագանու անդամ՝ Աննա Հովսեփյանը՝ Ժետում, Տոնի Տարոն Օքմենը՝ Զավենթեմում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հետ զրույցում Աննա Հովսեփյանը նշել է՝ այս հաղթանակն իր համար շատ իմաստալից է՝ նշանավորում է իր առաջին քաղաքական մանդատի մեկնարկը՝ մի նպատակ, որին նա միշտ ցանկացել է հասնել։
«Այս հաղթանակը ցույց է տալիս այն վստահությունը, որ Ժետի բնակիչները ցուցաբերեցին իմ և նախագծերիս հանդեպ, ինչը մոտիվացիայի հսկայական աղբյուր է: Ես խորապես երախտապարտ եմ նրանց աջակցության համար։ Սա քաղաքապետարանում կոնկրետ փոփոխություններ կատարելու և քաղաքացիների մտահոգություններին արձագանքելու բացառիկ հնարավորություն է: Այս հաղթանակը խրախուսում է ինձ ամրապնդել իմ հավատարմությունը այն արժեքներին, որոնք ես պաշտպանում եմ և ներուժս լիովին ներդնել այս նոր դերում»,-ասել է Աննա Հովսեփյանը։
Քաղաքականություն մտնելուց առաջ Աննա Հովսեփյանը «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության համակիրն է եղել. կուսակցությունը լիովին համապատասխանում է նրա համոզմունքներին և Բրյուսելի ավելի լավ ապագայի տեսլականին։
««Ռեֆորմիստական շարժում»-ը պաշտպանում է այնպիսի արժեքներ, որոնք հոգեհարազատ են ինձ․ դրանք են՝ անհատի ազատությունը, հավասար հնարավորությունները և կայուն զարգացումը։ Ես խորապես հավատում եմ նորարարական քաղաքականության խթանման անհրաժեշտությանը, որն արձագանքում է մեր հասարակության ներկա մարտահրավերներին՝ լինեն դրանք շարժունակության, կրթության և այլ ոլորտների խնդիրները, թե անհավասարության դեմ պայքարը: Այս կուսակցության ներսում իմ հանձնառությունն ինձ թույլ է տալիս կոնկրետ լուծումներ առաջարկել և քաղաքացիներին ներգրավել իրենց քաղաքը զարգացնելու գործում»,-հավելել է Աննա Հովսեփյանը։
Հովսեփյանի ստացած քվեների քանակը երրորդ լավագույն արդյունքն է՝ Բրյուսելի տարածաշրջանի ֆինանսների և բյուջեի նախարար Սվեն Գացի և ավագանու անդամ Ջենիֆեր Ժեսկիերի գրանցած արդյունքներից հետո։ Այս արդյունքը Աննա Հովսեփյանին թույլ է տալիս զբաղեցնել ավագանիում որևէ ոլորտի համար պատասխանատու անձի մանդատ, որը նա ստանձնելու է դեկտեմբերի 1-ին։