23/10/2024 15:09
ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի է նաեւ որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։
ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։
Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունը մերժել է Ադրբեջանի «օրինական» պահանջները, չի կատարել «միջազգային հանրության» առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, պատերազմի ընթացքում չի ընդունել այն կանգնեցնելու առաջարկը, խախտել է զինադադարի պայմանավորվածությունը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրելով պատերազմը, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։
Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։
Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, եւ դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունը, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի՝ վերը թվարկված հետեւանքներով հանդերձ»։