23/10/2024 17:42
«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ չէ, այդպիսի առաջարկ չկա. Միրզոյան (Տեսանյութ)
«3+3»-ը տարածշրջանային խորհրդատվական հարթակ է, որին առաջին պահից էլ մասնակցել ենք և կարծում եմ՝ կշարունակենք մասնակցությունը, քանի որ կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները»,-.ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հարցին, թե կարո՞ղ է «3+3»-ը լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ, Միրզոյանը պատասխանեց՝ այդպիսի առաջարկ չկա սեղանին դրված։
«Եթե լինի էլ, նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք ունենք Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություներով»,-ասաց նա։
Միրզոյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը․ «Կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ խաղաղության պայմանագրի ստորագրումը»։
Ինչ վերաբերում է այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին, ապա Միրզոյանն ասաց՝ առաջին անգամ չէ, որ ոչ կառուցողական հռետորաբանություն են նկատում պաշտոնական Բաքվից։
«Սա որևէ կերպ մեզ չի շեղում և չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար և կառուցողական և ակտիվ աշխատել՝ օր առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագումն իրականցնելու համար»,-ասաց նա։