23/10/2024 17:54
«Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Փաշինյանը խոսեց ԲՐԻԿՍ-ին մասնակցելու շարժառիթների մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որոնք են այն շարժառիթները, որոնցով ՀՀ-ն մասնակցում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և Փաշինյանն էլ մեկնելու է Կազան:
«Մենք բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել և այս տրամաբանությամբ նաև մասնակցում ենք «3+3» ձևաչափով հանդիպմանը: Տարբեր հարթակներում հանդիպումները և ՀՀ դիրքորոշումները հայտնելն ու կիսելը կարևոր է, նաև նրանց ուղերձները լսելն է կարևոր: ԲՐԻԿՍ-ի ընթացիկ քննարկումները վերաբերում են հարավի գլոբալ խնդիրներին։ Կարծում եմ՝ այդ օրակարգն ուղիղ առնչվում է նաև ՀՀ-ին: Մեզ համար կարևոր է այնտեղ «Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելը; Ակնհայտ է, որ հետաքրքրությունը «Խաղաղության խաչմերուկի» նկատմամաբ աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքը ներկայացնելու համար »,-նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դա միակ շարժառիթը չէ գագաթաժողովին մասնակցելու համար. «Ոչ պակաս կարևոր շարժառիթ է նաև այն, որ հրավեր եմ ստացել ՌԴ նախագահից և ընդունել եմ այն: Կարծում եմ՝ այնտեղ գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար: Վերջերս մասնակցել եմ ՄԱԿ-ի գագաթնաժողովին, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նման հանդպումները կարևոր են»: