23/10/2024 21:36
Հնդկաստանի դատարանը Պակիստանին համակրող քաղաքացուն պարտավորեցրել է քավել մեղքը՝ շաբաթը երկու անգամ հրապարակում խոնարհվել Հնդկաստանի դրոշի առջև և բարձրաձայն վանկարկել՝ «Փառք հայրենիքին՝ Հնդկաստանին»
Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Գերագույն դատարանը հայրենքի նակատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած տղամարդուն պարտավորեցրել է շաբաթը երկու անգամ խոնարհվել Հնդկաստանի ազգային դրոշի առաջ և հայրենիքը փառաբանող կարգախոսներ վանկարկել:
Ինչպես հայտնում է The Times of India-ն, Բհոպալ քաղաքի Ֆայզան անունով բնակիչը դատարանի առաջ է կանգնել Պակիստանի հանդեպ համակրանք ցուցաբերելու համար, այնինչ այդ երկրի հետ Հնդկաստանի հարաբերությունները լարված են։
Դատարանը համաձայնել է բավարարել գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը՝ պայմանով, որ Ֆայզանը պետք է շաբաթը երկու օր՝ ամեն երեքշաբթի և ուրբաթ, 21-ական անգամ հրապարակայնորեն, ոստիկանության հսկողության ներքո ողջունի Հնդկաստանի դրոշը և բարձրաձայն վանկարկի՝ «Փառք հայրենիքին՝ Հնդկաստանին»։
Ֆայզանն արդեն սկսել է ի կատար ածել դատարանի որոշումը։ Հնդկաստանի սոցցանցերում մեծ տարածում է ստացել տեսանյութը, որում Բհոպալի աշխույժ փողոցում տղամարդը անընդհատ խոնարհվում է Հնդկաստանի դրոշի առջև և փառաբանում Հնդկաստանը։ Նա շարունակելու է ամեն երեքշաբթի և ուրբաթ երդվել Հնդկաստանին հավատարմության մեջ և խոնարհվել երկրի դրոշի առջև այնքան ժամանակ, մինչև դատարանն ավարտի գործի քննությունը և հրապարակի վերջնական դատավճիռը։