23/10/2024 15:48
«Միսս Տիեզերք»-ից պարզաբանել են՝ ինչու Իրինա Զախարովան չի կարող մրցույթում Հայաստանը ներկայացնել և կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին
Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, թե ինչու «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված ազգությամբ ռուս Իրինա Զախարովան չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։
Ըստ հայտարարության՝ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Դրանց համաձայն՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:
«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», - ասվում է հայտարարության մեջ:
Մրցույթի կազմակերպիչները հայաստանյան գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին:
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան հայտարարել էր, որ չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին՝ ընտանեկան հարցերի պատճառով: