23/10/2024 12:08
Ռեկորդակիր «Տոյոտա Քեմրի»-ի նոր մոդելը պատրաստ է նոր նվաճումների. կայացավ Էլեգանտ, հուսալի ու գերհարմարավետ «Քեմրի»-ի շնորհանդեսը (Տեսանյութ, Լուսանկարներ)
«Տոյոտա Կովկաս» ընկերությունը Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր Վրաստանի Զուգդիդի քաղաք՝ մասնակցելու նոր՝ ութերորդ սերնդի «Տոյոտա Քեմրի»-ի փորձարկմանը։
Տարածաշրջանի լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան Զուգդիդիի քաղաքային, Սիսատուրա գյուղի արտաճանապարհային պայմաններում, ինչպես նաև Էնգուրի հիդրոէլեկտրակայան տանող բարձրադիր ճանապարհին փորձարկել նոր «Քեմրի»-ն։
Նրբաոճ դիզայնով ու կատարելագործված տեխնոլոգիաներով նոր «Տոյոտա Քեմրի»-ն նույնքան հուսալի է ինչպես քաղաքային, այնպես էլ արտաճանապարհային պայմաններում. սեդանը հարմարավետության ու հուսալիության միաձուլում է. հագեցած է անվտանգության, վարորդի աջակցության, մուլտիմեդիա համակարգերով։
«Տոյոտա Կովկաս»-ի ներկայացուցիչ Սանդրո Բերուլավայի գնահատմամբ՝ 2024 թվականի նոր «Քեմրի»-ն գրեթե ամբողջությամբ փոփոխվել է նախորդների համեմատ։ «Ունենք անվտանգության, վարորդին աջակցող կատարելագործված համակարգ, նոր լուսարձակներ, նոր մուլտիմեդիա։ Գլխավոր ինժեները կարևորել է զգացումները, որոնք մարդիկ կապրեն այս մեքենան վարելիս։ Նոր «Քեմրի»-ն ինձ շատ է դուր գալիս, այն ոչ միայն հարմարավետ է, անվտանգ, այլ նաև ոճային, արագընթաց ու մանևրող»։
Անվտանգությունն ապահովելու համար կիրառվել է Toyota safety sense համակարգը, նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը, արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգի շնորհիվ էլ մեքենան ինքնուրույն կանգ է առնում, երբ վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում, դե իսկ ինտերակտիվ բազմաֆունկցիոնալ ղեկը մեքենայի կառավարումը դարձնում է խիստ հարմարավետ ու հաճելի՝ մեկ հպումով։
Անձրևի ու լույսի սենսորներ, ձայնամեկուսացում, 12.3 դյույմ մոնիտոր, տաքացվող և հովացվող նստելատեղեր, հարմարավետ սրահ. նոր «Տոյոտա Քեմրի»-ի հետ ամենաերկար թվացող ճանապարհներն անգամ հաճելի կթվան. «Տոյոտա Քեմրի»-ի միջին, բարձր, պրեմիում դասի մոդելները կգոհացնեն տարատեսակ պահանջներ ու ակնկալիքներ ունեցող վարորդներին։ Նոր «Քեմրի»-ն մեծագույն պատասխանատվությամբ կսպասարկի նաև ամենաքմահաճ ուղևորներին ու նաև հրաշալի ընտրություն կլինի ընտանիքի անդամների համար։
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռեվազ Արվելաձեն ասում է՝ իրենց ընտանիքի ավտոտնակում նախորդ մոդելի «Քեմրի»-ից կա, այս մեկն առավել հարմարավետ է։ «Ես լավ մեքենաների սիրահար եմ, «Քեմրի»-ն հրաշալի մեքենա է, հազվադեպ կարելի է նման ցածր գնով այսպիսի բարձրորակ մեքենա գնել»։
Չորս տասնամյակից ավելի գին-որակ համադրությամբ համաշխարհային շուկան նվաճած «Տոյոտա Քեմրի»-ի արդեն ութերորդ սերնդի սեդանը պատրաստ է շարունակել նախորդների վաճառքի ռեկորդային ցուցանիշները։ 2.5 լիտր շարժիչի ծավալով, 204 ձիաուժով նոր «Տոյոտա Քեմրի»-ն հասանելի է «Տոյոտա Երևան»-ում՝ պատրաստ գոհացնելու խստապահանջ հայ վարորդներին։