23/10/2024 14:41
«Քամի ցանողը փոթորիկ է հնձելու», «վաղը թիկնազորը, եթե չլինի, մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու կոչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հորդորեց չսպառնալ (Տեսանյութ)
Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ, վախենալու բան չկա, բայց ներողություն խնդրող մարդը պետք է իրեն մեղավոր ճանաչի և զգա, որ արարք է արել, որը պետք չէր անել. ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու պահանջին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը բողոքեց՝ իրենց խմբակցությունից, երբ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվում, նման հորդոր Մինասյանը չի անում։
«Ձեր գործընկեր տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է ամենադատապարտելի և փողոցային տարբերակով մտքեր հայտնելով, ոչ միայն դահլիճից, այլև այստեղից դուրս գալուց հերթական բանն է իրեն թույլ տվել, որին ի պատասխամ ես արձագանքել եմ և միշտ արձագանքելու եմ»,-ասաց նա։
ԱԺ նախագահը շարունակեց դժգոհել, որ ընդդիմադիրների կողմնակիցներն իր և իր ընտանիքի նկարներն են փակցնում, հայհոյանք գրում։
«Ստանդարտները երկակի չեն լինում, «քամի ցանողը փոթորիկ է հնձելու», առաջին օրից դուք դա իմ վարքագծից իմացել եք»,-ասաց Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Սկսեցիք լավ տոնով, բայց ավարտեցիք տխրեցնող հայտարարությամբ։ Պարո՛ն Սիմոնյան, ենթադրենք՝ վաղը էտ միկրոֆոնը ձեզ մոտ չի լինելու, թիկնազորը չկա, այս դահլիճից դուրս եք գալու հանրության մեջ, որտեղ ոչ մեկ կողքից ու թևերից չի բռնի, բայց այդ մարդկանց հետ պետք է շփվեք չէ՞։ Հիմա բողոքում եք հանրային արձագանքից, իհարկե, անընդունելի է, բայց այդ պահավածքը, որ դուք եք ցուցաբերում այստեղից, բա դրա պատասխանը ո՞նց եք տեսնում։ Դե չեք անում՝ Աստված ձեզ հետ»։
Ալեն Սիմոնյանը կրկնեց. «Ձեր արածներին նայեք, հետո եկեք որևէ մեկին բարոյախրատական դասեր տվեք։ Դուք քողարկված սպառնալիք տվիք, զգուշացնում եմ՝ սպառնալիքով ինձ հետ մի խոսեք, դա հակառակ արձագանք է ունենում, եթե ուզում եք նորմալ խոսել, օրինակ ծառայեք»։