23/10/2024 11:31
Պարեկային ծառայության գործարկումից ի վեր կայացվել և արձանագրվել է 1 մլն․ 673 հազար իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 հազար որոշում. ՆԳ փոխնախարար
Պարեկային ծառայության գործարկումից ի վեր՝ 2021թ.-ի հուլիսից մինչև 2024 սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, կայացվել և արձանագրվել է 1մլն 673 000 իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 000 որոշում, որը արձանագրված իրավախախտումների ընդամենը 2 տոկոսն է. ԱԺ ամբիոնից հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարության, որ չկա պարեկային ծառայության կողմից կայացրած մի ակտ, որը հօգուտ քաղաքացու որոշում կայացրած չլինի։
«Բեկանվել կամ անվավեր է ճանաչվել պարեկային ծառայության կողմից կազմված 8 278 արձանագրություն, այսինքն՝ բողոքարկված դիմումների ընդամենը 22 տոկոսն է բավարարվել»,-ասաց նա։
ՆԳ փոխնախարարը նշեց՝ ուշագրավ է, որ դատական կարգով բողոքարկվել է պարեկյաին ծառայության որոշումների միայն 0,6 տոկոսը, որից բավարարվել է 0,2 տոկոսը։
«Ես վերահաստատում եմ իմ մոտեցումն առ այն, որ չկա այնպիսի իրողություն, որ պարեկային ծառայության կողմից կայացված ակտերը բեկանվել են և բեկանվել են հօգուտ քաղաքացիների։ Պարեկային ծառայությունն ակտերի իրավաչափության տեսանկյունից բավական լավ դիրքերում են գտնվում»,-ասաց Սարգսյանը։