24/10/2024 15:55
Պերմում հրկիզել են «Եդինայա Ռոսիայի» գրասենյակը
Պերմում երկու կին Մոլոտովի կոկտեյլ են նետել Պլեխանովի փողոցում գտնվող «Եդինայա Ռոսիա»-ի գրասենյակի վրա։ Շենքի ներսում գրեթե ամեն ինչ այրվել է, գրում է 59.ru-ն։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի մակերեսը կազմել է 40 քմ, տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալի, հայտնում է Ura.ru-ն։ Ենթադրաբար, նրանք մայր ու դուստր են, որոնց, իբր, վարձատրություն են խոստացել հրկիզման համար։
Ինչպես հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի Պերմի մասնաճյուղի ղեկավար Ստանիսլավ Շվեցովը, հրկիզման պահին մոտակայքում ճանապարհային ծառայություններ են աշխատելիս եղել, նրանք ոստիկանություն են կանչել։
«Այդ վայրում տեղակայված տեսախցիկների տեսագրություններից պարզ է դառնում, որ երբ նրանք հրկիզել են գրասենյակը, այդտեղ այդ պահին աշխատելիս են եղել ճանապարհի կամ տնտեսական ծառայության աշխատակիցները։ Նրանք իրենց աչքով տեսել են այս աղջիկներին, նրանք դուրս են վազել՝ թռչելով արգելապատնեշի վրայով։ Մենք, այսպես ասած, դեմ առ դեմ հանդիպեցինք նրանց»,- ասել է նա: