24/10/2024 11:21
Ամբուլատորիաների օպտիմալացումը կբերի ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ կծախսվի հիվանդների վրա, ոչ թե կփոշիացվի. Արսեն Թորոսյան
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-ում անդրադարձավ ամբուլատորիաների օպտիմալացման ծրագրին և հայտարարեց՝ պայմանն այն է, որ ամբուլատորիաները չդառնան հիվանդանոցին ենթակա։
«Եթե հիվանդանոցի ենթակա են դառնում, հիվանդանոցը շահագրգռված է ոչ թե կանխարգելիչ բուժօգնությամբ, այլ բուժական օգնությամբ և հիվանդներին քաշում, տանում է ստացիոնար բուժօգնության»,-ասաց նա։
Ըստ Թորոսյանի՝ այստեղ իրավակարգավորման հարց է։
«2019-ից այդ ծրագիրը սկսել ենք Վայոց ձորից։ Դա շարունակվելու է մնացած մարզերում, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ ծախսվելու է հիվանդների վրա, ոչ թե իրականում փոշիացվելու է»,-ասաց նա։
Արսեն Թորոսյանը շարունակեց, որ շատ հիվանդանոցները դեռ չի նշանակում լավ առողջապահություն․ «Լավ առողջապահությունը իրականում առողջապահությունն է, ոչ թե հիվանդապահությունը։ Պետք է մեր բնակչությանը պահենք առողջ։ Երբ առողջապահության առաջնային օղակում չեն հաջողում, հիվանդանոցներում մարդիկ շատանում են»։