24/10/2024 16:11
«Սրբազան պայքարը» կանգնել է բոլորի կոկորդին, Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է. Գառնիկ Դանիելյան
Մենք կարողացանք տրամադրություններ փոխել, մեր քայլերի շնորհիվ կարողացանք հասարակությանը արթնացնել և հիմա էլ «Սրբազան պայքարը» կանգնել է բոլորի կոկորդին. այս մասին այսօր «Սրբազան Պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումները» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ իշխանությունները, եթե ասում են, որ այս շարժումը մարել է, ապա ինչու են ամեն օր «Սրբազան պայքարի» ակտիվ համակիրների ու աջակիցների նկատմամբ բռնություններ կիրառվում։
«Էս մարդիկ ստեղծել են հանցավոր խմբեր, որոնք առանց պատճառի կանգնեցնում են մարդկանց մեքենաները, ահաբեկչի գործելաոճով մարդկանց տանում են ոստիկանական բաժանմունքներ և կտտանքների ու հալածանքների ենթարկում։ Եթե ամեն ինչ նորմալ է, շարժումը մարած է, ապա այս ճնշումներն ինչի՞ համար են»,- ասաց Դանիելյանը։
Ըստ նրա՝ շարժման քայլերը քննադատում են այն մարդիկ, ովքեր Արցախի անկման ժամանակ մատը մատին չեն խփել, ստատուս են գրել․
«Խոստովանում ենք նաև, որ այս կարճ ժամանակահատվածում իշխանությանը հեռացնել չի ստացվել, բոլորս վճռական ենք պայքարը շարունակելու հարցում»։
Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է. «Նա իր իշխանությունը պահում է բռնությունների, ռեպրեսիաների և միջազգային տարբեր հովանավորների միջոցով», - նշեց Դանիելյանը։