24/10/2024 13:20
Մինչ այս պահը բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել․ չեմ բացառում՝ ինչ-որ ժամանակ ֆորմատը փոխվի․ Ռուբինյան (Տեսանյութ)
Ամեն ինչ պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքման համար, եթե Ադրբեջանում լինի այդ քաղաքական կամքը, շատ կարճ ժամկետում այդ պայմանագիրը կարող է կնքվել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ խաղաղության պայմանագիրն օր առաջ կնքվի, ամեն ինչ անում ենք, որ ապաշրջափակումն օր առաջ տեղի ունենա, և մնացած գործընթացները՝ նույնպես»,-ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Ստամբուլում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և քննարկումները շարունակեցին և շարունակում են. «Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր և մենք այդ ուղղությամբ անում ենք ամեն ինչ»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ փուլում բանակցություններում միջնորդի անհրաժեշտություն ծագի՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում»։
Նա նշեց, որ հենց սկզբից էլ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների ձևաչափը եղել է երկկողմ: «Մինչ այս պահը բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել: Ես չեմ կարող բացառել, որ կարող է ինչ-որ ժամանակ փոխվել ֆորմատը, բայց մինչ այս պահը այդպես է եղել: Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Հայաստանը կարծես շտապում է կանոնակարգը վավերացնելու հարցում՝ Ռուբինյանն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի»