24/10/2024 10:57
Նպատակն ի՞նչ է, որ դուք ուզում եք գյուղական ամբուլատորիաներն օպտիմալացնել ու այդ կայացած հիմնարկն էլ քանդել, բանուգործ չունե՞ք. Արման Ղազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ բազմաթիվ հայրենակիցներ են իրենց դիմել՝ հատկապես Գեղարքունիքից, իմանալու՝ արդյո՞ք գյուղական ամբուլատորիաներն օպտիմալացվում են։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հաստատեց. «Որևիցե ամբուլատորիա կամ բուժմանկաբարձական կետ առաջնային բուժօգնության օղակում չի փակվում, այլ հակառակը՝ դիտարկում են, որ հեռավոր գյուղերում, որտեղ չի եղել, ավելացնեն բուժմանկաբարձական կետ, այսինքն՝ բուժքուրոջ հերթապահություն։ Իսկ օպտիմալացումը կազմակերպաիրավական խոշորացում է։
Գյուղական մի քանի ամբուլատորիա դառնում է մեկ իրավաբանական անձ, տարանջատվում է տնօրենի պարտականությունը, որը իրականացնում է տվյալ ամուբուլատորիայի ընտանեկան բժիշկը, ով զուգահեռ տնօրեն է»,-ասաց նա և նշեց, որ տնօրենի համար սահմանում են հատուկ պայման, թե ինչով պետք է զբաղվի։
«Այսինքն՝ միայն վարչական, իսկ ընտանեկան բժշկին ազատում ենք այդ պարտականություններից և թողնում ենք զբաղվի զուտ ընտանեկան բժշկությամբ»,-ասաց նա։
Արման Ղազարյանն արձագանքեց. «Նպատակն ի՞նչ է, որ դուք ուզում եք այդ կայացած հիմնարկն էլ քանդել, բերել լցնել իրար գլխի, ոնց որ շատ խոշորացված համայնքներ էլի խոշորացրեցիք, որի արդյունավետությունը զրո է։ Մարդիկ նորմալ աշխատում են, հիմա բանուգործ չունե՞ք, սկսում եք եղածն էլ քանդել»։