24/10/2024 11:43
Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցը» վերանվանել եւ դարձնել միջնակարգ դպրոց:
Այդ փոփոխության արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում (միատարր եզդիաբնակ համայնք) գործող «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու կլուծվի դպրոց հաճախող եզդի աշակերտների միջնակարգ կրթություն ստանալու հարցը:
Նշենք, որ Ֆերիկի հիմնական դպրոցի աշակերտների թիվը 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 44 է: Համայնքում նկատվում է երեխաների թվի աճ: Ֆերիկ համայնքին ամենամոտ բնակավայրը աշխարհագրական դիրքով մարզի Խոյ համայնքի Հայթաղգյուղն է, որի հեռավորությունը կազմում է 3 կիլոմետր և միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով լուրջ դժվարություններ են առաջանում դպրոցի շրջանավարտ աշակերտների միջնակարգ կրթությունն ապահովելու և այն շարունակելու համար:
Այս որոշումով կլուծվի դպրոց հաճախող ազգությամբ եզդի աշակերտների միջնակարգ կրթություն ստանալու հարցը և նշված գործընթացին առնչվող խնդիրները:
ՀՀ կառավարության սույն նախագծի ընդունմամբ 2024 թվականի 4 ամսվա համար կառաջանա 383,382 դրամի, իսկ 2025 թվականի համար 2,468,031 դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն: