24/10/2024 12:12
««Դու»-ով հետս չխոսաս... նորմալ պահի քեզ». Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը՝ ընդդիմադիր պատգամավորի հետ (Տեսանյութ)
ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դժգոհեց, թե ընդդիմությունը քաղաքացիների համար նախատեսված բարելավող դրույթ նախատեսող օրինագծերին դեմ է քվեարկում։
Ընդդիմության շարքերից արձագանքներ լսվեցին։ ԱԺ նախագահն ընդհատեց. «Ինչո՞ւ եք խոսում»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց՝ իր իրավունքն է։
«Ձեր իրավունքը չի, ձեր իրավունքը խոսք խնդրելն է, և երբ ես թույլ կտամ, այդ ժամանակ խոսելն է․ վարման կարգով»,-ասաց Սիմոնյանը։
Երբ հակադարձումների ձայներ լսվեցին, Ալեն Սիմոնյանը վրդովվեց. «Նախ «խի չես»-ով չի, «դու»-ով հետս չխոսաս, մնա պատգամավորի համար սահմանած չափերի մեջ... Որ մնաս չեմ ասի... Լավ, նորմալ պահի քեզ, դու սկսեցիր «դու»-ով խոսալ... քեզ նորմալ պահի»։
Գեղամ Մանուկյանը ձայն խնդրեց և պահանջեց պատգամավորների հետ հարգալից խոսել։
«Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում՝ պատգամավորը նստած տեղից իրեն թույլ կտա «դու»-ով խոսել, ԱԺ նախագահը չի կարող բնականոն գործունեությունն ապահովել։ Ձեր հետևը նստած պատգամավորին չեք նկատո՞ւմ, ԱԺ նախագահին նկատո՞ւմ եք»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ երբ դիտողություն է անում, պետք է սխալը շտկի, որ «դու»-ով են խոսում, պետք է ինքը «դուք»-ով խոսի, որ հարցը շտկվի։