24/10/2024 22:05
Սյունիքի մարզի բնակչից խաբեությամբ գումար է վերցրել և անհետացել
Ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 15:40-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակի խճուղու գազալցակայանի մոտ ինքը նախ՝ 30, ապա՝ 40 հազար դրամ է տվել անհայտ անձի, որն անհետացել է:
Նշված վայր մեկնեց ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ ահազանգողը, որ Սյունիքի մարզի բնակիչ է, կեսօրին 70 հազար դրամ է տվել անհայտ անձի` իրեն կացարան տրամադրելու համար, իսկ անձը խաբեությամբ տիրացել է գումարին և անհետացել:
Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միոցառումների արդյունքում պարզվեց անհետացած անձի ինքնությունը` մշտական բնակության վայր չունեցող 51-ամյա տղամարդ էր, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետագա միջոցառումներով հոկտեմբերի 22-ին, ցերեկվա ժամը 2-ին, 51-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շինարարների փողոցում և ներկայացվեց նախ ոստիկանության Աշտարակի բաժին, ապա` Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Աշտարակի բաժնում տղամարդը խոստովանել է, որ մեկ ամիս առաջ Աշտարակ քաղաքի մի խանութից գողացել է երեք, իսկ մեկ այլ խանութից` մեկ շիշ կոնյակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: