25/10/2024 14:48
Ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին արդարացնելու որոշմանը, ըստ որի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Սրա պատասխանն ո՞վ է տալու: Միշա Գյուրջյանին մեկ ամիս պահեցին բանտում, արգելել էին տեսակցությունները, ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը (Ասկերան, Ստեփանակերտ...) մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Քաղաքական պատվերով քրեական գործեր՝ այդ օրերին արցախցիներին լռեցնելու համար...»,-գրել է Գեղամ Մանուկյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտարարել էր. «Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ մեկնարկած քրեական վարույթներն անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է»։
Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:
Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում էր խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ էր կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։