25/10/2024 11:36
Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենասիրված քաղաքական ուժը, մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, որը կլինի անսասան ու անկախ. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան, դրանցից մեկն էլ այն է, որ իրական ընդդիմադիր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը պետք է լինի իշխանափոխությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Մենք չենք մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, մրցավազքը մեզ չի հետաքրքրում, մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ Հայաստանի ամենասիրված քաղաքական ուժը, մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, որը կլինի անսասան ու անկախ, երկիրն էլ լինի անվտանգ»,- ասաց նա:
Մամիջանյանի խոսքով, սակայն, ժամանակ առ ժամանակ որոշ ընդդիմադիր շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան` Փաշինյանի հեռացումն իրականացնելու համար:
ՀՀԿ-ն, ըստ Մամիջանյանի, դրան վերաբերվում է ներողամտաբար:
«Որպես կանոն` ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է, որպես կանոն` թույլերն են փորձում ճանկռել ուժեղին»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Նա ասաց, որ ՀՀԿ-ն հիշում է բոլորի «դուխով» նկարները, հիշում է բոլորի սելֆիները՝ Հանրապետության հրապարակից, բայց ընդհանուր գործի համար պատրաստ են դրան այս պահին ուշադրություն չդարձել: