25/10/2024 12:29
Բաքուն Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել և մեղադրել ՀՀ «ռազմականացումը» խրախուսելու մեջ
Բաքուն կողմնակալ է որակում Եվրախորհրդարանի կողմից երեկ ընդունված «Իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներն ու հարաբերությունները Հայաստանի հետ» վերտառությամբ բանաձևը։
«Մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը»,- ասվում է Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարության մեջ։
Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը, մի կողմ դնելով բոլոր խնդիրները, «կրկին հարձակվել է Ադրբեջանի վրա»։
«Եվրախորհրդարանը որոշել է ցույց տալ իր հակաադրբեջանական տրամադրությունների բոլոր երանգները։ Բանաձևում ներկայացված են անհեթեթ պնդումներ ու մեղադրանքներ, սպառնալիքներ ու պահանջներ՝ հիմնված Ադրբեջանի հասցեին կեղծ տվյալների վրա։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին։ Միաժամանակ, Հայաստանի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ վերաբերմունք, խրախուսվում է նրա ռազմականացումը, որը ծառայում է այս երկրում ռևանշիստական միտումների ամրապնդմանը և տարածաշրջանում հակամարտությունը վերսկսելուն»,- ասվում է Մեջլիսի հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի հետ «չի կարելի խոսել ճնշման և վերջնագրի լեզվով» և «հենվել Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի կեղծ պատմությունների վրա»։
Մեջլիսը բանաձևը համարում է, իբր, «Եվրախորհրդարանում արմատացած կոռուպցիայի և կաշառակերության լուրջ հետևանք»։
«Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է տեքստում։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով նախօրեին ընդունեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։