25/10/2024 10:21
Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխան տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամներ են տեղափոխվել՝ մի մասը՝ Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանից Գյումրու ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Մարինե Բ.-ն, իսկ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 10-ամյա տղա, 16-ամյա և 17-ամյա աղջիկներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձանց մոտ հնարավոր է՝ թունավորում է եղել, ինչը առաջացած լինի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են: