25/10/2024 21:49
Կրեմլից հայտարարել են՝ Վլադիմիր Պուտինի և Իլոն Մասկի գաղտնի խոսակցությունների մասին տեղեկությունները կեղծ են
Կրեմլը հերքել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար շփվում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ և նույնիսկ նրան խնդրել է չակտիվացնել Starlink արբանյակային ինտերնետը Թայվանում՝ այսպիսով աջակցելով Պեկինին։
«The Wall Street Journal-ը բացարձակ սուտ տեղեկություններ է հրապարակել»,- այս առնչությամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, ըստ որոնց 2022 թվականի վերջից Մասկը կանոնավոր կապ է պահպանում Պուտինի հետ։
Պեսկովը նշել է, որ Պուտինը մեկ անգամ է միայն խոսել Մասկի հետ՝ 2022 թվականից առաջ։ «Միջին տևողությամբ» հեռախոսազրույցը, նրա խոսքով, «ճանաչողական բնույթ է կրել»։
«Խոսել են ավելի շատ նորարար տեխնոլոգիաների, ապագայի տեխնոլոգիական լուծումների մասին, թե ինչի վրա է դրվում շեշտը, համեմատվել են տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, որոնք Մասկը խոստումնալից է համարում։ Պուտինը պատմել է, թե ինչպես է դա մեզ մոտ ընթանում»,- նշել է Պեսկովը։
«Դա միակ շփումն է եղել։ Դրանից հետո Մասկը Պուտինի հետ կապ չի հաստատել, և հակառակի մասին բոլոր պնդումները սուտ են»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։